1.Հարց - Ի՞նչ կարգով է սպառողը (բաժանորդը) վճարում սպառված գազի համար:
Պատասխան - Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը կատարում է վճարումը վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Վճարման փաստաթուղթը մատակարարը կարող է ներկայացնել Պայմանագրով սահմանված վճարման կետեր:
2. Հարց - Գազօգտագործող սարքավորումների փոխարինման դեպքում ինպես պետք է վարվի բաժանորդը:
Պատասխան - Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը գրավոր դիմում է մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին։
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով: (Կանոններ, կետ 2.16)
3. Հարց - Բաժանորդի կողմից ծախսած գազի դիմաց չվճարելու դեպքում ինչպիսի իրավունքներ ունի մատակարարը:
Պատասխան - Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանա¬փակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին։
Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը: (Կանոններ, կետ 8.6)
4. Հարց - Ով է սահմանում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարները և որքան է դրանց չափը:
Պատասխան - Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով:
ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում՝ 2000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 4750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 5750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6900 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ (Կանոններ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №154,2005թ.)
5.Հարց - Իրավունք ունի մատակարարը ընդհատելու գազամատակարարումը և եթե այո, ապա որ դեպքերում:
Պատասխան - Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է:
Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ: (Կանոններ, կետ 2.8)